Հովհաննես Թումանյանի թանգարանի` «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի ծրագիրը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում ՍԵԿԱ-ի (ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե) հայտարարած «Լավագույն փորձ» (Best Practice AWARD) մրցույթում:
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը մրցութային ժյուրիի որոշմամբ ընդգրկվել է «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում: Հաղթող ճանաչված ծրագրերը կհրատարակվեն ԻԿՕՄ-ՍԵԿԱ-ի 2013-ի տարեգրքում: Մրցանակները կհանձնվեն օգոստոսի 11-17-ը Բրազիլիայում կայանալիք ԻԿՕՄ-ի գագաթնաժողովի ընթացքում:
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունն՝ իբրև բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացմանը, բացահայտել երիտասարդության ստեղծագործական կարողությունները: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր չունեն աշխարհագրական հայրենիք (Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառները):
Ծրագրին մասնակցում են նաև ՀՀ-ում բնակվող ազգային փոքրամասնություններն ու սփյուռքի հայկական գաղթօջախների ներկայացուցիչները: